Վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ընթացակարգ
Հարգելի գործընկեր`
Սույն բաժնի նպատակն է համաձայն ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 20.06.2016թ. թիվ 05-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական տվյալների հավաքման կարգի պարզաբանել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ռեսպոնդենտների կողմից վիճակագրական տվյալների ներկայացման ընթացակարգին:
Համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)՝ ռեսպոնդենտները վիճակագրական միավոր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք են, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները, անհատ ձեռնարկատերերը, տնային տնտեսությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկները, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին:
Վիճակագրական փաստաթղթերը (ներառյալ վիճակագրական հաշվետվությունները) ՀՀ վիճակագրական կոմիտե (Արմստատ) ներկայացվում են ըստ ռեսպոնդենտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի: Ռեսպոնդենտի տնտեսական գործունեության տեսակին համապատասխան ներկայացման ենթակա վիճակագրական փաստաթղթերի համապատասխան ցանկի վերաբերյալ տեղեկությունները հասանելի է Արմստատի հաշվետվությունների ներկայացման հարթակում (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ):
Վիճակագրական փաստաթղթերը (ներառյալ վիճակագրական հաշվետվությունները) ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:
Ռեսպոնդենտի կողմից ներկայացման ենթակա վիճակագրական հաշվետվություններով սահմանված տվյալների կազմին կարող եք ծանոթանալ առցանց գրանցվելով ՀԱՐԹԱԿ-ում:
Ռեսպոնդենտը ՀԱՐԹԱԿ-ում պետք է նույնականացվի անհատի խիստ նույնականացման գործիքների միջոցով՝ համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման:
ՀԱՐԹԱԿ-ում տվյալների ներկայացման ձևաչափերը կարող են տարբերվել դրանք սահմանող վիճակագրական հաշվետվությունների ձևաչափերից՝ բովանդակության պահպանմամբ:
ՀԱՐԹԱԿ-ում Ռեսպոնդենտի անձնական էջի «Ռեսպոնդենտի մասին» ենթաբաժնի տեղեկությունները լրացվում են համաձայն 2025թ. հունվարի 17-ի ՎՊԽ 06-Ն որոշման:
Վիճակագրական փաստաթղթերի (ներառյալ վիճակագրական հաշվետվությունների) ներկայացման հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով Ռեսպոնդենտը կարող է դիմել իր տնտեսական գործունեության իրականացման վայրի Արմստատի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: